Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Սրտային հիվանդությունների արդյունավետ բուժման համար

Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի (ՀԱՍԿ) անցած շաբաթ օրը կազմակերպած 70–րդ սեմինարը, որ նախատեսված էր ինչպես սրտաբանների, այնպես էլ ընտանեկան բժիշկների, թերապեւտների, մանկաբույժների համար, հերթական անգամ նվիրված էր էլեկտրասրտագրությանը։ Իսկ այն սրտաբանության առանցքն է հանդիսանում եւ առանձին դեպքերում ավելի խոր գիտելիքներ պահանջում։ Թեմային նվիրված ութ մասից բաղկացած դասախոսություններից երկուսը ՀԱՍԿ–ն անցած տարի էր կազմակերպել։


Այժմյան դասախոսություններն, անշուշտ, առավել օգտակար կլինեն նախորդ սեմինարներից էլեկտրասրտագրության հիմունքներն արդեն յուրացրած մասնագետների համար։


Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Ջամալյանը 2000 թվականից ի վեր կազմակերպվող այս սեմինարների արդյունավետությունը բարձր է գնահատում։


«Մեր կազմակերպած սեմինարները մեծապես նպաստել են, որ մարզերում աշխատող ընտանեկան բժիշկները, թերապեւտները, մանկաբույժները մեծ փորձառություն ձեռք բերեն եւ կարողանան ճանաչել սրտի ռիթմի խանգարումներն ու սրտի վտանգավոր հիվանդությունները։ Նրանք հեշտությամբ կողմնորոշվում են եւ սրտաբանների մոտ ուղեգրում սրտի խնդիրներ ունեցող այցելուներին։

 

Մենք ոչ միայն տեսական, այլեւ գործնական աշխատանքի սեմինարներ ենք անցկացնում։ Անցած տարի, օրինակ, առաջին օգնության՝ վերակենդանացման կազմակերպման սեմինար անցկացրինք։ Այդ փորձառությունը պետք է ամեն մարդ ունենա, առավել եւս՝ բուժաշխատողները։ Մենք համագործակցում ենք ԱՄՆ–ի սրտաբանական կենտրոնի հետ, որի մասնագետներն էլ հենց եկան եւ մեզ մոտ պրակտիկ դասընթացներ անցկացրին»,–տեղեկացրեց նա։


Ըստ մասնագետի, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սրտային հիվանդությունները դեռեւս մեծ թիվ են կազմում։ Սակայն Սմբատ Ջամալյանն այն կարծիքին է, որ մեզանում սրտային հիվանդություններից մարդիկ ավելի շատ են մահանում, քան Եվրոպայում կամ անգամ մեր հարեւան երկրներում, քանի որ բուժման բավական թանկ մեթոդները շատերին հասանելի չեն։


Սրտային հիվանդությունները կանխագելելու համար մասնագետը խորհուրդ է տալիս առողջ կենսակերպով ապրել։ Իսկ խնդիրներ առաջանալու դեպքում՝ անմիջապես դիմել բժշկին։ Դա է թանկ միջամտություններից եւ հիվանդության խորացումից խուսափելու ճանապարհը։


«Առիթմիաները բոլոր տարիքներում էլ առաջանում են։ Հիվանդությունները շատ են, դրանց ծագումնաբանությունը տարբեր՝ բնածին, ձեռքբերովի կամ զուգորդված, եւ դժվար է ասել, թե հատկապես ո՞ր խումբն է ավելի խոցելի։ Բայց առավել զգույշ պետք է լինեն ինֆարկտ տարածները։


Մարդիկ մեծամասամբ զգում են, երբ իրենց մոտ առիթմիա է առաջանում, երբ սիրտն սկսում է անկանոն աշխատել»։

 

Սրտաբանը խորհուրդ է տալիս նման դեպքերում դիմել ընտանեկան բժշկին կամ էլ ուղղակի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն։


***

 

Հաջորդ օրվա հերթական սեմինարի սրտաբանությանը վերաբերող դասախոսությունները նախատեսված էին բուժքույրերի համար։ ՀԱՍԿ–ը գտնում է, որ հիվանդի բուժման գործընթացում միջին բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակը ռազմավարական նշանակություն ունի եւ վերջնական արդյունքում հաճախ վճռական դեր է կատարում։ 4 հիմնական դասախոսությունները նվիրված էին հենց հիվանդի բուժքույրական վարման եւ խնամքի առանցքային գործընթացներին։


Էլեկտրասրտագրության հիմունքները եւ սրտի ռիթմի խանգարումներ, սրտի բնածին արատներ, սրտային անբավարարությամբ պացիենտների բուժքույրական խնամք եւ բուժքույրական աշխատանքի էթիկա. ահա սրանք էին միջին բուժանձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված սեմինարի թեմաները։ Ի դեպ, երկու օրն էլ դասախոսություններին հաջորդում էին թեմայի քննարկումները։


Ավելացնենք, որ ՀԱՍԿ–ի կազմակերպած արդեն 71 սեմինարներին մասնակցել են ավելի քան 7 հազար բժիշկներ եւ բուժքույրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից եւ Ջավախքից։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ